Վանա Կատվի Հետքերով: In The Footsteps of Van Cats: По Следам Ванской Кошки




Կատուների հազվագյուտ և եզակի ցեղ են Վանա կատուները, որոնք տարածված են Վանա լճի շրջակայքում (որտեղից և առաջացել է անվանումը):Դրանք սպիտակ, մետաքսանման փափկամազ կենդանիներ են: Ունեն ձիգ մարմին, զարգացած գլխուղեղ, վագրային քայլվածք, պոչը նման է աղվեսի պոչին: Խելացի են ու ճարպիկ, մաքրասեր, տիրոջը կապված ու նվիրված: Աչքերի գույնով բաժանվում են 3 խմբի. ծովի ալիքի նման վառ երկնագույն աչքերով, սաթագույն (դեղին ու նրա նրբերանգներով) և տարբեր գույների (աջը՝ երկնագույն, ձախը՝ բաց սաթագույն, դեղին ու դեղնականաչ, երբեմն՝ դարչնագույն) աչքերով: Հատկապես արժեքավոր են տարագույն աչքերով կատուները: Նորածին կատվիկների աչքերը լինում են գորշագույն: Նրանց գույնը փոխվում է 25-րդ օրից սկսած և 40 օրականում ստանում է վերջնական գույնը: Սովորաբար այդ ցեղի կատուների ականջների միջև կարելի է նկատել 1 կամ 2 կետ: 2 կետի առկայությունը բնորոշ է տարագույն աչքեր ունեցողներին: Արուների կենդանի զանգվածը 10-12 կգ է, էգերինը՝ 5-8 կգ: Զուգավորվում են փետրվար-մարտին: Նոր ապրելավայրին հարմարվում են 20--30 օրվա ընթացքում:Լավ որսորդներ են. որսում են մկներ, մողեսներ, թռչուններ, ճանճեր, միջատներ: Ուտում են նաև սեխ, ձմերուկ և այլ մրգեր: Կատուներից միակն են աշխարհում, որ սիրում են ջրում լողալ ու խաղալ: Նրանք առջևի թաթով ստուգում են նաև կերակրի ջերմաստիճանը:Վանա կատուների պոպուլացիաները ներկայումս խիստ կրճատվել են, նրանք խառնվում են նաև այլ ցեղերի հետ:ՀՀ-ում Վանա կատվի հանդեպ հետաքրքրությունը վերածնվել է 1993 թ-ից սկսած: 2007-ին Հայաստանի բնության թանգարանում ցուցադրվել են 11 Վանա կատուներ: Սպիտակ, փափկամազիկ, պոչը և ականջները ծիրանագույն: Աչքերը երկնագույն, ծիրանագույն կամ նշագույն: Վանում այս կատուների նկատմամբ հատուկ հոգածություն կար: Հանրահայտ Վանա կատուներից այժմ մնացել է միայն տարբեր գույնի աչքեր ունեցող կատվի առասպել: Տարբեր գույնի աչքերը գեն չէ և Վանա կատվին բնորոշ միակ հատկանիշը չէ. դա պարզապես ֆենոմեն է, որ նկատվում է այս ցեղատեսակի որոշ ներկայացուցիչների մոտ: Թուրքիայում ընդհանրապես չի մնացել Վանա կատու. Այս հարցում ևս թուրքերը հավատարիմ են ուծացման քաղաքականությանը: Այժմ թուրքերը բուծում են սպիտակ կատու, որպեսզի ոչնչացնեն հայերից հետո մնացած հայկական մշակույթի այս տարրը ևս: